Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ են ձերբակալել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով: Մայիսի 7-ին գլխավոր դատախազության, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «միջոցների արդյունքում, որ ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցության մեջ և տարբեր ժամանակներում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են»։
Բացի այդ՝ «անհետաձգելի քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է Բաքվի հանրային վայրերում դիվերսիոն և ահաբեկչական գործողությունը»։ Ադրբեջանի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ «Զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է քրեական պատասխանատվության, նրանց դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։ Քանի՞ անձ է ձերբակալված և ի՞նչ պաշտոններ ունեն՝ հայտնի չէ: Հայտնի է, որ խմբի նախատեսած սադրիչ ու ահաբեկչական գործողությունները կանխվել են, տարվում են հատուկ գործողություններ բոլոր մեղավորներին պատժելու և պատասխանատվության ենթարկելու համար: Չի հրապարակվում, բայց հայտնի է, որ ձերբակալվածները մոտ 60 հոգի են: Ոչ 6, ոչ 10, այլ 6 10-յակ: Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը Ադրբեջանի ուժային կառույցներում ու բնակավայրերում 60 լրտես ունենա: Այն էլ՝ միանգամից բոլորը բացահայտվեն: Ինքնախոստովանական ցուցմո՞ւնք են գրել դավաճանության մասին:
Սեփական լրատվությունն Ադրբեջանում էլ միանշանակ չեն ընդունել: Քաղաքագետ Արիֆ Յունուսը կարծում է, որ հայկական լրտեսների թեման գործիք է իշխող վերնախավի ձեռքին ներքաղաքական խաղերի համար և առաջադրում է Պնախարար Զաքիր Հասանովի և նրա առաջին տեղակալի միջև շարունակվող պատերազմի վարկածը, համարելով, որ ձերբակալվածները ոչ թե հայկական «լրտեսներ» են, այլ՝ զոհեր․«Ձերբակալությունների մասին առաջիկա հաղորդագրություններից կիմանանք, ով է հաղթել, և վերնախավի որ խմբավորումն է հաջողությամբ օգտագործել «հայկական գործոնը» իր հակառակորդներին շարքից հանելու համար»: Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան առաջադրում է թմրանյութերի վարկածը. «Սպաների համատեղ բիզնեսը տապալվում է ստատուս քվոյի փոփոխությամբ»: Ռազմական փորձագետ ՈՒզեիր Ջաֆարովը հավատում է պաշտոնական հայտարարություններին. «Նման միջադեպեր ամենուր կարող են լինել, ցանկացած բանակում: Այս պատմության շուրջ հնչող ոչ առողջ քննադատության հեղինակները կարծես թշնամուն ծառայեն»:
Փաստ է, որ Ադրբեջանը ունի ներքին խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ փորձում է լուծել հայերի հաշվին՝ անցյալ տարի ապրիլին «հաղթական» պատերազմին և ռևանշի համաժողովրդական էյֆորիային ոչինչ չհաջորդեց՝ Ստեփանակերտը չհանձվեց, Երևանը չհանձնվեց: Ի՞նչ մնաց Բաքվին: Օֆշորային սկանդալը փորձեցին պատերազմով մարել, Սահմանադրություն փոխեցին, գենդերային հարցերը լուծեցին՝ առաջին փոխնախագահ առաջին տիկնոջը ստանալով, հետո՞: Չփոխվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ ռազմական, ոչ հոգեբանական վիճակը:
Ալիևը խոսում է ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելուց ու պատերազմից, ստատուս քվոն փոխելուց, հետո ամբողջ բուրգը կրկնում է նրա սպառնալիքները, հայերը լսում են ու գնում իրենց գործին: Իշխանությունների խնդիրն է վախեցնել մարդկանց ու վստահեցնել, որ պարապ նստած չեն՝ պայքարում են հանուն տարածքային ամբողջականության՝ հիմա էլ ներսում բացահայտելով հայերի «սադրանքները»: Պարբերաբար նման «զտումները» վախ են ներշնչում ու ստիպում ենթարկվել: Անցյալ տարի ևս պաշտոնանկություններ եղան ներքին գործերի նախարությունում և, թվում էր, «լրտեսներ» չեն մնացել, փաստորեն դժգոհների թիվը Ադրբեջանում մեծանում է ավելի արագ, քան իշխանությունները հասցնում են մարդկանց զբաղեցնելու նոր հնարք մտածել: Այլևս այդքան փող չկա՝ «Եվրատեսիլ» ու «Ֆորմուլա-1» գնելու, մնում են ներքին ռեսուրսները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թվում էր՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը արդեն հաղթանակ էր Բաքվի համար, և ինչ-որ ժամանակ կարելի էր դրանով «զբաղվել» տարփողելով միջազգային ասպարեզում Ադրբեջանի «մեծ հեղինակությունն» ու «հզորությունը», բայց այդ հաղթանակը, կարծես այնքան էլ Բաքվինը չէ, և այնքան էլ հաղթանակ չէ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում իր ներկայությունը ապահովելու նոր ձևաչափ է որոնում և գուցե գտնի՝ շրջանցելով Ադրբեջանի վետոն: Կարո՞ղ է Բաքուն փակել նաև ԵԱՀԿ ներկայացուցչությունը Ստեփանակերտում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որը համալրվել է նոր դիտորդներով: Հայկական տարածքներում դիվերսիաներից օգուտ չստանալով՝ դիվերսիաներ, փաստորեն, Բաքուն սկսել է սեփական ժողովրդի ու սեփական իշխանության դեմ՝ միայն մերձավորների խիստ սեղմ շրջանակ ճանաչելով անձեռնմխելի, իսկ մյուսներին պարբերաբար հանձնելով հայերին «ծառայության»: